Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 – 19 մարտի, 2016

Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում հիմնական ուժերը • Եմենի շիաներին ռմբակոծելու ռումբերը տեղափոխել են ադրբեջանական ինքնաթիռները • Թուրքիան կրկնապատկում է քրդերի դեմ կռվող հատուկջոկատայինների քանակը • Զորավարժություններ են անցկացնում ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրետանավորները • Թուրքիան զորավարժություններ է արել երկրի արևելքում • Վրաստանում վերապատրաստվել են մի քանի երկրի ԶՈւ զինծառայողներ • ՆԱՏՕ-ի տված AWACS-ն արդեն հսկում է Թուրքիայի երկինքը • Թուրքիան բանակցում է միջին հեռահարության ՀՕՊ համակարգ գնելու համար • Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է հատուկջոկատայիններին • Վրաստանցի զինծառայող է սպանվել

Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ռումբերը բեռնվում են Ադրբեջանի Silk Way ընկերության ինքնաթիռ. 2015թ. հոկտեմբերի 29, Իտալիայի Կալյարի քաղաքի օդանավակայան: Լուսանկարը unionesarda.it լրատվակայքի:

Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ռումբերը բեռնվում են Ադրբեջանի Silk Way ընկերության ինքնաթիռ. 2015թ. հոկտեմբերի 29, Իտալիայի Կալյարի քաղաքի օդանավակայան: Լուսանկարը unionesarda.it լրատվակայքի:

• Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է մարտի 15-ից սկսել Սիրիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների հիմնական մասի դուրսբերումը` նշելով, որ ռուսաստանյան զինուժը Սիրիայում ավարտել է իր առջև դրված հիմնական առաքելությունը: Մարտի 15-ին ռուսաստանյան ավիախմբի առաջին ինքնաթիռները դուրս են եկել Սիրիայից և վերադարձել մշտական տեղակայման վայրեր՝ Ռուսաստան:

• 2015 թ. աշնանը Ադրբեջանի շիադավան նախագահի ընտանիքի հետ անմիջական կապ ունեցող ավիաընկերությունը սուննիական Սաուդյան Արաբիայի համար փոխադրել է ռումբեր, որոնք հետագայում օգտագործվել են ադրբեջանցիների հավատակիցների՝ եմենցի շիադավան հութիների դեմ:

• Թուրքիան որոշել է քրդական խմբավորումների դեմ կռվող հատուկ ուժերի թիվը ներկա 20 հազարից 2017-ին հասցնել շուրջ 40 հազարի, նշված շրջաններում կառուցել ոստիկանության և ժանդարմերիայի ևս 280 ուղեկալ:

• ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի բոլոր հրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել զորավարժարաններ` մեկամսյա վարժանքներ անցկացնելու համար:

• Մարտի առաջին կեսին Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանակից Աղրը նահանգում, ինչպես նաև Էրզրումում, Էրզինջանում (Երզնկա), Սղերթում և Թունջելիում (Դերսիմ)։

• Մարտի 11-ին Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի ծրագրով Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցել է 28 զինծառայող Հայաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Լիտվայից, Լատվիայից։

• ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային փոխանցած AWACS ինքնաթիռը մարտի 12-15-ին առաջին պարեկային առաջադրանքն է իրականացրել Թուրքիայի օդային սահմաններում:

• Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը մարտի 15-ին հայտնել է, որ Թուրքիան բանակցում է միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգեր գնելու համար:

• Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության կուրսերն ավարտած զինծառայողների երդման արարողությանը:

• Մարտի 7-ին Վրաստանի Գորիի շրջաններից մեկում գտել են սպանված զինծառայողի դի։ Պարզվել է, որ զինծառայողին դեղորայքով քնեցրել են, այնուհետև սենյակը հրդեհել։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *