Ղրղըզստանի պառլամենտական հանձնաժողովները քննարկում են Ղրղըզստանի տարածքում ռուսական ռազմաբազաների հետագա տեղակայման և նրանց կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրին, ինչպես նաև ռուս-ղրղըզական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերը:
Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղրղըսզտանի Պառլամենտի մամլո ծառայության ներկայացուցչի խոսքերը:
Ինչպես պատգամավորներին հայտնել է Ղրղըզստանի պաշտպանության փոխնախարար Զամիր Սուերկուլովը, ներկայումս Ղրղըզստանի տարածքում կա ռուսական չորս ռազմաբազա, որոնք տեղակայված են Կարակոլ, Մայլի Սուու, Կանտ(ՀԱՊԿ ռազմաբազա) քաղաքներում և Չալդովար գյուղում:
Սուերկուլովի խոսքերով՝ ներկայումս գործում է Ղրղըզստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանները կարգավորող ռուս-ղրղըզական հինգ միջկառավարական համաձայնագիր:
«Ռուսական կողմը հանդես է եկել բոլոր հինգ համաձայնագրերը մեկում միավորելու նախաձեռնությամբ: Միասնական համաձայնագիրը, որը կկարգավորի հարկային հարաբերությունները, օդանավերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը, նյութատեխնիկական, ֆինանսական և այլ հարցեր, ուժի մեջ կմտնի 2017 թվականին»,- ասել է Սուերկուլովը և հավելել, որ նոր համաձայնագրով ռուսական ռազմաբազաների տեղակայման վարձավճարները կմնան նույնը: Ավելի վաղ, սակայն, ղրղըզական կողմը հայտարարել էր, որ պատրաստվում է 2014 թվականին բարձրացնել իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաների (ասվածը չի վերաբերում Կանտի ռազմաբազային) վարձավճարները՝ պայմանավորված 2014-ին ռազմաբազաների տեղակայման ժամկետի սպառմամբ և ինֆլայացիայի մակարդակով:
Նշենք, որ 2003 թվականին Ռուսաստանի և Ղրղըզստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ ստեղծված Կանտի 999-րդ ավիաբազան ռուսական կողմը շահագործում է անվճար հիմունքերով:
Օգոստոսին Ղրղըզստանի Չոլպոն-Աթեում ռուս-ղրղըզական բանակցությունների արդյունքում կողմերի միջև ռուսական ռազմաբազաները Ղրղըզստանում 15 տարով տեղակայելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, չնայած ավելի վաղ հաղորդվում էր 49 տարվա մասին:
Ինչ վերաբերում է Ղրղըզստանի մայրաքաղաքում գտնվող Պենտագոնի Տրանզիտային փոխադրումների կենտրոնին(ՏՓԿ) և Կանտում տեղակայված ռուսական ռազմաբազային, ապա դրանք, Սուերկուլովի խոսքերով, տարբեր նշանակություն ունեն:
Ռուսական ռազմաբազան միտված է Ղրղըզստանում անվտանգության ապահովմանը, մինչդեռ ՏՓԿ-ի խնդիրը Աֆղանստանում գտնվող հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի համար բեռների և զինծառայողների փոխադրումն է:
Pingback: Ղրղըզստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգվել է | Ռազմ.info