Մարտի 11-ին Բակուրիանիում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային հիմնական վերապատրաստման փուլը, որին մասնակցել են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դասընթացին, որը մեկնարկել էր փետրվարի 21-ից, մասնակցել է 28 զինծառայող Հայաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Լիտվայից, Լատվիայից։ Զինծառայողները ձնային պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներ են արել, ձնահյուսքի տակ մնացած մարդկանց տարհանել են պատգարակներով, ինչպես նաև ձյան պայմաններում ժամանակավոր կացարան են սարքել գիշերելու համար։ Այս վերապատրաստումն անցած զինծառայողներն արդեն հնարավորություն ունեն մասնակցելու դպրոցի միջանկյալ վերապատրաստման դասընթացին։
Վկայականների հանձման արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև այդ երկրում հավատարմագրված միջազգային ռազմական կցորդները։
Նշենք, որ Վրաստանի ՊՆ հրապարակած նկարներից երևում է, որ դասընթացին մասնակցել է ՀՀ ԶՈւ 5 զինծառայող։ Սա այս տարվա 2-րդ վերապատրաստումն էր։ Առաջին դասընթացին Հայաստանը ներկայացրել են 2 զինծառայող։
Հավելենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թ. հրապարակվել է Սաչխերեում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։
Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։
Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info