Թուրքիայում մեկնարկել է Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունը • Ադրբեջանում հերթական զորակոչը կանցկացվի ապրիլին • Փետրվարին Ադրբեջանի զինուժը կորցրել է 6 զինծառայող • Թուրքիայի զինուժը զորավարժություններ է արել երկրի արևելքում • Թուրքիան մոտ 5,9 մլդր դոլարի ռազմադրյունաբերական ծրագրեր է հաստատել • Ռուսաստանի ռազմական բյուջեն կկրճատի 5 տոկոսով • Վրաստանյան զրահամեքենաները ցուցադրվել են Սաուդյան Արաբիայում • Վրաստանում ԻՊ-ին հարելու համար ազատազրկվել է 3 հոգի • Տաջիկստանում կանցկացվի Ռուսաստանի հետ համատեղ խոշոր զորավարժություն • Թուրքիայում հետախուզական կենտրոն է հիմնվել ԱՄՆ-ի հետ համատեղ • ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում բազա հիմնելու մասին տեղեկությունը
• Մարտի 7-ին Թուրքիայում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 համատեղ զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 25-ը։
• Մարտի 7-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է ապրիլի 1-ից 30-ը երկրի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:
• Ռազմինֆոյին հայտնի դարձած տվյալներով՝ 2016թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 և վիրավորման 3 դեպք։ Նրանցից երեքը մարտական կորուստներ են, մեկը՝ հիվանդությունից, մեկը մահացել է դժբախտ պատահարի պատճառով, ևս մեկը՝ ծառայակցի կրակոցից:
• Մարտի 7-ին հայտնի է դարձել Թուրքիայի զինված ուժերի՝ երկրի արևելքում, այդ թվում և Հայաստանին սահմանակից Աղրը նահանգում, անցկացրած 4 զորավարժության մասին:
• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ 2016-ի մարտի 9-ի նիստում հաստատվել են շուրջ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ռազմարդյունաբերական նախագծեր, որոնցից 4,5 մլրդ դոլարի ծրագրերն իրականացնելու են Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները:
• Մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է, որ երկրի պաշտպանական բյուջեն կրճատվելու է 5 տոկոսով։ Հիմնական կրճատումները կատարվելու են շինարարությունների և նյութատեխնիկական ապահովման ծախսերի հաշվին:
• Մարտի 6-ին հրապարակվել է Սաուդյան Արաբիայում անցկացված զորահանդեսից լուսանկար, որտեղ ցուցադրված են նաև վրաստանյան «Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները, որոնք արաբները գնել էին ավելի վաղ։
• 2015 թ. հունիսին Վրաստանում ձերբակալված սալաֆիական իմամին դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու համար։ Եվս 3 հոգի նույն մեղադրանքով ազատազրկվել են 11, 10 և 1-ական տարի ժամկետով։
• Մարտի 15–19-ին Տաջիկստանում անցկացվելու են Ռուսաստան–Տաջիկստան համատեղ վարժանքներ, որոնց ներգրավվելու են Տաջիկստանի ԶՈւ շուրջ 50 հազար զինծառայող և պահեստազորային, ՌԴ ԶՈւ ավելի քան 2 հազար զինծառայող, ինչպես նաև Ղրղզստանի ռուսաստանյան ավիաբազայի գրոհիչները։
• Մարտի 6-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Թուրքիայում հիմնել են հետախուզական կենտրոն, որի հիմնական նպատակը Մերձավոր Արևելքի երկրներից արտագաղթողների շարքում ահաբեկիչների շարժը կանխարգելելն է:
• Մարտի 6-ին քրդական աղբյուրը հայտնել է, թե ԱՄՆ-ն գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսային` Իրաքին սահմանակից Հասաքա նահանգում ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների տեղակայման համար նախատեսված ավիաբազայի շինարարությունը և սկսել նմանատիպ ավիաբազա կառուցել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքի մոտակայքում` Թուրքիայի հետ սահմանին: Նույն օրը, սակայն, ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչը հերքել է Սիրիայում ամերիկյան ավիաբազաներ հիմնելու, կամ ցանկացած ավիաբազայում վերահսկողության հաստատելու մասին լուրերը:
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։