Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումնեը ժամանակին նկատել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և հետ մղել ելման դիրքերը: Հակառակորդի դիվերսիոն խումբը, ըստ Պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրության, տվել է 2 զոհ և վիրավորներ։
Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
Բացի այդ, մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 մմ (17 արկ) և 82 մմ (47 արկ) ականանետերով, ՌԳՊ-7 (4 արկ) ու ԱԳՍ-17 (4 արկ) նռնականետերով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:
Ադրբեջանական զինուժը գիշերվա ընթացքում կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ՝ հրետակոծելով ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 մարտի, 2016 | Ռազմ.info