Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 մարտի, 2016

Թշնամին երկու անարդյունք դիվերսիա է արել ՊԲ դիրքերի ուղղությամբ • Նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող • ՀՀ ՊՆ-ում ուսումնական տագնապ է հայտարարվել • ՊԲ-ում լսել են մարտական հերթապահության կրող սպաների առաջարկները • Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագրերը • ՀՀ նախագահը ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ այցելել է «Էրեբունի» ռազմաբազա • Ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է ՀՀ ԶՈւ՝ փետրվարի կորուստները • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները ներգրավվել են կապի և ինժեներական վարժանքների • «Էրեբունիի» ՌԴ ԶՈւ ավիախմբի օդաչուները կմասնակցեն ուղղաթիռներով և պարաշյուտներով վարժանքների

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ

• Մարտի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումնեը ժամանակին նկատել են թշնամու առաջխաղացումը և հետ մղել ելման դիրքերը: Պատժիչ գործողությունների ընթացքում ՊԲ-ն կորուստ չի ունեցել։

Դրան հաջորդող գիշերը, ականանետներից և նռնականետներից բացի, թշնամին կիրառել է նաև հաուբիցներ՝ հրետակոծելով ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այլև առաջնագծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ։

• ՊԲ հարավարևելյան ուղղությամբ ևս մեկ դիվերսիայի փորձ թշնամին արել է մարտի 8-ին։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը կրկին ժամանակին նկատել և կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը, ստիպել նահանջել ելման դիրքեր: Այս անգամ նույնպես ՊԲ-ն կորուստ չի ունեցել։

• Մարտի 11-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում իրեն ամրակցված  նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող Սարգիս Օհանյանը:

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

• Մարտի 10-ին ՀՀ ՊՆ-ում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը ԶՈւ ԳՇ պետի գլխավորությամբ բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել է ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը։

• Մարտի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ այցելել է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա, դիտել օդաչուների ցուցադրական թռիչքները և ռազմաբազայի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները։

ՀՀ նախագահը ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ այցելել է «Էրեբունի» ավիաբազա, ներկա եղել սպառազինության և տեխնիկայի ցուցադրությանը, կործանիչների ցուցադրական թռիչքներին

ՀՀ նախագահը ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ այցելել է «Էրեբունի» ավիաբազա, ներկա եղել սպառազինության և տեխնիկայի ցուցադրությանը, կործանիչների ցուցադրական թռիչքներին

• Մարտի 7-ին Ստեփանակերտում անցկացվել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպմանը, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին: ՊԲ հրամանատարությունը լսել է նաև մարտական հերթապահությանն անմիջականորեն ներգրավված սպաների առաջարկությունները:

• Մարտի 9-ին Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Հայաստան + 28» ձևաչափով նիստը, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրերը։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերիգի ղեկավարությամբ անցկացված Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության խորհրդի նիստին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերիգի ղեկավարությամբ անցկացված Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության խորհրդի նիստին

• Մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ երեք պայմանագրային զինծառայող: Եվս երկու զինծառայող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

• Ռազմինֆոյի ամփոփ տվյալներով՝ 2016թ․ փետրվարին հայկական զինված ուժերում հայտարարվել է մահվան չորս և վիրավորման երեք դեպքի մասին։ Փետրվարի չորս կորուստներից մեկը մարտական է, երեքը՝ ոչ մարտական։

• Շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կապի ստորաբաժանումները սկսել են հրամանատարաշտաբային խոշոր վարժանքներ, որոնց մասնակցում են նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները։ Ռազմաբազայի ռազմական ինժեներներն էլ սկսել են ճամբարային հավաք, որին ականազերծող զինծառայողները փորձարկելու են մարտավարական, կրակային պատրաստության, բարդ ռելիեֆային տեղանքում ռազմական տեխնիկայի ղեկավարման մեխանիզմները:

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

• Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները պատրաստվում են վարժանքներ անցկացնել վերջերս ստացած Մի-8ՄՏ ուղղաթիռներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով, որ ավիաբազան բավական մոտ է Թուրքիայի սահմանին։ Ավիաբազայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, շտուրմանները և ինժեներները անցկացնում են նաև պարաշյուտով թռիչքների պարապմունքներ։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 մարտի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *