Մարտի 10-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները ժամանակին սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Ուսումնական պարապմունքի նպատակը եղել է զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանի, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանի ստուգումը:
Գեներալ-գնդապետ Խաչատուրովն անձնակազմին ուղղված խոսքում կարևորել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման շարունակականությունը և հորդորել չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նման պարապմունք ՊՆ-ում անցկացվել է ընդամենը երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 26-ին։