Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկած զորավարժությանը մասնակցում է հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող, ներգրավված է մոտ 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Հետախույզ զինծառայողները մասնավորապես պարապելու են դարանակալել և հանկարծակի հարձակվել հակառակորդի դիվերսանտների վրա՝ այդ ընթացքում կատարելագործելով նաև հաստիքային զինատեսակներով և ռազմական տեխնիկայով կրակելու հմտությունները:
Զորավարժության ընթացքում զինծառայողները կատարելու են նաև մարտավարական և կրակային առաջադրանքներ, անցկացնելու են կապի ապահովման, տեղագրության, ինժեներական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մերձամարտի պարապմունքներ և բարդ պայմաններում մեքենավարման դասեր:
Զինծառայողների և ստորաբաժանումների գործողություններին հետևելու համար կիրառվելու են ռազմաբազայի «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Վարժանքներին ավարտին զինծառայողները քննություններ են հանձնելու մարտական և հատուկ պատրաստության առարկաներից:
Pingback: Հայաստանում վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի հետախույզները | Ռազմ.info