Թուրքիայի գիտության, տեխնիկայի և արդյունաբերության նախարարը փետրվարի 21-ին հայտնել է, որ զրահամեքենաներ արտադրող BMC-տրամադրվել է շուրջ 220 հա «հատուկ ներդրումային գոտի»: Այդ տարածքում իր ենթակառուցվածքները զարգացնելու համար ընկերությունը ներդնելու է շուրջ 1 մլրդ 300 մլն լիրա (շուրջ 430 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Թուրքական նախարարը հայտնել է, որ նախարարների խորհրդի որոշմամբ Սաքարյա նահանգի Քարասու գավառի տարածքում շուրջ 222 հեկտար հողակտոր հատկացվել է ռազմարդյունաբերական արտադրությանը օժանդակելու համար:
Նշենք, որ BMC ընկերությունը արտադրում է 4×4 անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ 350-16Զ «Քիրփի» և 4×4 անվային ընթացամասով 250-10Զ «Վուրան» բազմանպատակային զրահամեքենաներ, EFE 235-16 4×4 անվային ընթացամասով բեռնատարներ, 380-26P բեռնատարներ՝ 6×6 անվային ընթացամասով:
2013-ին «Քիրփի» զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումների պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց զրահամեքենաների ձեռքբերման պայմանագիրը, ինչի հետևանքով ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեց ու կուտակեց հսկայական պարտքեր: Դրանից հետո այն հանվեց աճուրդի ու վաճառվեց Էրդողանի մտերիմին:
Ներակայումս ընկերության ընդհանուր արտադրական տարածքը տեղակայված է Իզմիրում` շուրջ 200.000մ² տարածքում: Արտադրանքը ներկայումս վաճառվում է շուրջ 80 երկրներում: 2014-ի հոկտեմբերից ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Քաթարի զինուժի արդյունաբերական կոմիտեին:
Ավելացնենք, որ «հատուկ ներդրումային գոտիներում» տեղակայված գործարաններն ազատվում են եկամտային հարկից, ինչպես նաև մի շարք այլ հարկատեսակներից: Սա ուղղված է տեխնոլոգիական զարգացման ապահովմանը: Մասնավորապես նմանատիպ տնտեսական գոտիներում ներառվում են ռազմարդյունաբերական ընկերությունները: