Մարտի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ասկերան քաղաքի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Հայկական կողմից՝ Պաշտպանության բանակի դիրքերից, դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա):
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի ԱԳ նախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Շփման գծի հակառակ՝ ադրբեջանական, կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։
Նշենք, որ շփման գծում դիտարկման նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին և ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
Ավելացնենք, որ սա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ 2016-ին անցկացվող հինգերորդ դիտարկումն է եղել: Ռազմինֆոն 2016-ին անցկացված բոլոր դիտարկումները ներկայացրել է ինտերակտիվ ժամանակագրությամբ: