Փետրվարի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում վերջինիս աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը: Կարևորվել են զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համատեղ ծրագրերը, որոնցում գրասենյակն ունեցել է նշանակալի մասնակցություն:
Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ընդգծել է աջակցությունը «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարի և Չեռնոգորիայի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարաններ hանձնաժողովի պատվիրակությունների այցերի իրականացմանը:
Դեսպան Սորոկինն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար՝ նշելով, որ հանձնաժողովի հետ գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը բարենպաստ հիմք է այն հետագայում ավելի խորացնելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սորոկինին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: