Փետրվարի 29-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է փետրվարին անցկացված մի շարք զորավարժությունների մասին, որոնց ներգրավվել են ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադները: Վարժանքների մի մասն անցկացվել են Հայաստանին սահմանկից շրջաններում Տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Փետրվարի 18-ին Աղրըի Դողուբայազիդ գավառի տարածքում վարժանքներ են անցկացրել ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության Աղրըի գումարտակի և Պաթնոսի կոմադոսների 3-րդ գնդի ստորաբաժանումները:
Փետրվարի 16-ին Կարսի Սարիղամիշ գավառում «Ձյան և ուժեղ ցրտի պայմաններում ռազմական գործողությունների վարման» կենտրոնի կուրսանտներն անցկացրել են ձնահյուսքերի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման վարժանքներ:
Փետրվարի 15-20-ին ԶՈւ ցամաքային ուժերի հատուկ նշանակության 10-րդ բրիգադի ստորաբաժանումները (տեղակայման վայրը` Թաթվան/Բիթլիս) վարժանքներ են անցկացրել Բիթլիսի տարածքում: Փետրվարի 16-17-ին նույն բրիգադի 3-րդ հատուկ նշանակության գումարտակի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Վանի Էրչիշ գավառում (ստորաբաժանաման տեղակայման վայրում):
Փետրվարի 15-20-ին ԶՈւ ցամաքային ուժերի հատուկ նշանակության 49-րդ բրիգադը («Կոմանդոսների» բրիգադ, տեղակայման վայրը` Բինգյոլ) Դիարբեքիրի Քուլփ տեղանքում անցկացրել է լեռնային պայմաններում մարտի վարման կարգի փորձարկման վարժանքներ: Փետրվարի 17-18-ին կոմանդոսների 3-րդ բրիգադի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացրել Սղերթում:
Փետրվարի 8-12-ին Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածում հակատանկային կրակի վարժանքներ են անցկացրել 28-րդ մեխանիզացված հետևակային դիվիզիոնի ստորաբաժանումները:
Փետրվարի 17-18-ին Էդիրնեում տեղակայված 102-րդ հրետանային գնդի ստորաբաժանումները տեղական արտադրության T-155 Fırtına հաուբիցներից կրակային վարժանքներ են անցկացրել (նշված հրետանային համակարգերը 2016-ի փետրվարի օգտագործվել են Սիրիայի քրդերի դիրքերը հրետակոծելու համար):
Փետրվարի 17-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 1-ին բանակի 5-րդ բանակային կորպուսի` Փնարհիսարում տեղակայված ինժեներական ապահովման գնդի ստորաբաժանումները 55-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի ստորաբաժանումների հետ անցկացրել են ջրային տարածքների անցման վարժանքներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info