Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ընդունել են Վրաստանի պաշտպանության նախարարին

Փետրվարի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ

Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխգործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են նախարար Թինաթին Խիդաշելիի այցի շրջանակներում հայ-վրացական ռազմական համագործակցության ուղղությամբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Նույն օրը՝ փետրվարի 1-ին, Վրաստանի պաշտպանության նախարարին ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը:

Հայաստանի վարչապետի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի վարչապետի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Թինա Խիդաշելին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում:

Փետրվարի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում և կարծիք հայտնել, որ Վրաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունները ռազմաարդյունաբերական ոլորտում չեն խանգարի հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացմանն այդ բնագավառում:

Ավելացնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստան է այցելել հենց փետրվարի 1-ին: Նույն օրը նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչից հետո ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. պաշտպանական համագործակցության պլանը:

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարն այսօր՝ փետրվարի 2-ին, Ռազմինֆոյի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանի՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին օրերս տարածված լուրն ապատեղեկատվություն է եղել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *