Փետրվարի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Երկու երկրների պաշտպանության նախարարներն առանձնացրույց են ունեցել, որից հետո ստորագրվել է 2016թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը։
«Երկու երկրների ՊՆ միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրեցին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը: Այս տարվա համգործակցության հիմնական ուղղություններից է փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում»,— հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարեցին երկու երկրների պաշտպանության նախարարները։
Համատեղ ասուլիսին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին անդրադարձավ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այդ երկրները Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, իսկ Թուրքիան ՆԱՏՕ անդամ հարևան երկիր, որը միջազգային բոլոր հարթակներում սատարում է Վրաստանին։
Խիդաշելին նշեց նաև, որ Վրաստանի ուսումնական կենտրոններ բաց են բոլոր գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Նշենք, որ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում 2007 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում վերապատրաստվում են Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։
Pingback: Հայաստանի նախագահը և վարչապետն ընդունել են Վրաստանի պաշտպանության նախարարին | Ռազմ.info