«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի շրջանակներում 2015-ի դեկտեմբերից և 2016-ի հունվարից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռների տեխնիկական խնդիրը հարթվել է, և ինքնաթիռներն արդեն կարող են գիշերային թռիչքներ կատարել: Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Պոտսդամում Գերմանայի ՊՆ օպերատիվ հրամանատարության մամուլի խոսնակը:
Խնդիրն ի հայտ էր եկել «Տորնադո»-ների վերջին արդիականացումից հետո` կապված հետախուզական ինքնաթիռների ներքին լուսավորության հետ: Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով օդաչուները չէին կարող գիշերային ժամերին թռիչքներ կատարել և մասնակցել ԻՊ դեմ հետախուզական տվյալների հավաքմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ նախատեսում են մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում, ինչպես նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար:
Որոշումը կայացվել էր ֆրանսիական կողմի խնդրանքով` Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո, որը շուրջ 130 մարդու կյանք էր խլել:
2016-ի հունվարի 2-րդ կեսին «Ինջիրլիք» ռազմաբազա էր այցելել Գերմանիայի պաշտպանության նախարարը, ծանոթացել հետախուզական ինքնաթիռների անձնակազմի գործունեությանը: Մինչ այդ նշվում էր, որ ինքնաթիռները գիշերային թռիչքներ չեն իարականացնում: Այցի ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարին հայտնել էին, որ խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի: