[Լրացում] Սիրիայից արձակված արկերն ընկել են Թուրքիայի տարածքում. կան տուժածներ

Հունվարի 18-ի առավոտյան Սիրիայի հյուսիսից արձակված 3 արկ ընկել են Թուրքիայի հարավարևմտյան Քիլիս նահանգի համանուն քաղաքի կենտրոնում: Արկերից մեկն ընկել է դպրոցի տարածքում, ինչի հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 1, վիրավորվել` 3 մարդ: Մյուս երկու արկերն ընկել են քաղաքի ոչ մարդաբնակ վայրերում, տուժածների մասին չի նշվում: Այս մասին հայտնում է Քիլիսի նահանգապետարանի մամուլի ծառայությունը:

Լրացում. Ավելի ուշ թուրքական կողմը հայտնել է, որ արկերը Սիրիայի տարածքից արձակել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ինչից հետո Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են ԻՊ-ի դիրքերը:

Սիրիայից արձակված 3 արկերից մեկն ընկել է Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի դպրոցներից մեկի բակում

Սիրիայից արձակված 3 արկերից մեկն ընկել է Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի դպրոցներից մեկի բակում

Նշված դպրոցը, որի տարածքում ընկել է Սիրիայից արձակված արկը, գտնվում է Քիլիս քաղաքի կենտրոնական հատվածում, ինչը նշանակում է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններից կարելի է առանց մեծ դժվարությունների խոցել թուրքական խոշոր քաղաքի գրեթե ցանկացած կետ:

Պայթյունի վայրը Սիրիայի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Քիլիսին հանդիպակաց սիրիական հատվածում գտնվում է Ազազ բնակավայրը, որի շրջակայքում մարտեր են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և սիրիական «ընդդիմադիր» խմբավորումների մարտիկների միջև, որոնք 2016-ի հունվարին քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) օգնությամբ գրավել էին Ազազ քաղաքը:

Մինչ այս ԻՊ-ն նույնպես մի քանի անգամ հրետակոծել էր Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերը, մասնավորապես Քիլիսի շրջանում: Հիշեցնենք, որ 2015-ի  հուլիսի 23-ին ԻՊ-ի արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր Քիլիս քաղաքի շրջանում ծառայող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Հենց այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, ինչից հետո անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին, որը մինչ օրս շարունակվում է:

Նշենք նաև, որ անցյալ շաբաթ` հունվարի 14-ին, ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայության գնդապետ Սթիվ Ուորենը նշել էր, որ Թուրքիան հրետանային կրակով աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային` թուրք-սիրիական սահմանի երկայնքով ԻՊ-ի դեմ պայքարում: Հոդվածում փորձել էինք պարզել, թե իրականում Թուրքիան ինչ շահեր է հետապնդում և ում դեմ է պայքարում Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *