Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Defence Equipment & Support Оrganization (DE&S) գնումների գործակալությունը 2015-ի դեկտեմբերին հրապարակել էր բանակի հիմնական տանկի՝ Challenger 2-ի արդիականացման ծրագրի մրցույթի նախաորակավորման հարցաթերթիկ: Մինչև վերջնաժամկետը՝ 2016-ի հունվարի 16-ը, պաշտոնապես արձագանքել է 3 կազմակերպություն: Այս մասին հայտնում է Defensenews.com կայքը:
Մրցույթի նախնական պայմաններին արձագանքել ու առաջարկներ են ներկայացրել այդ տանկերն արտադրող BAE Systems կորպորացիան, ինչպես նաև ամերիկյան General Dynamics UK և Lockheed Martin UK ընկերությունները, իսկ ավելի վաղ մրցույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև գերմանական Krauss-Maffei Wegmann ընկերությունը, սակայն դեռ հայտնի չէ՝ վերջինս լրացրել է նախաորակավորման հարցաթերթիկ, թե ոչ:
Պաշտոնապես Challenger 2 Life Extension Program (LEP) անունը կրող արդիականացման այս ծրագիրը գնահատվում է 700 միլիոն ֆունտ (1 մլրդ ԱՄՆ դոլար) և կարող է տարածվել նաև Օմանում գտնվող բրիտանական Challenger 2 տանկերի վրա (Օմանը միակ պետությունն է, որտեղ Մեծ Բրիտանիան իր պետական տարածքից դուրս կիրառվում է այս տանկերը):
Առաջարկների հիման վրա DE&S գործակալությունը մրցույթի շրջանակներում պետք է 2 մասնակից ընկերությունների հետ երկամյա պայմանագրեր ստորագրի՝ տանկերի արդիականացման համար հստակ տեխնիկական ծրագրեր մշակելու վերաբերյալ: Մրցույթի ամփոփումն ու արդիականացման ծրագրի ընտրությունը նախատեսված է 2019-ին:
Հիշեցնենք, որ այս տանկերն արդիականացնելու մասին խոսվել է նաև 2014-ի հունիսին: Ինչպես հիմա, այնպես էլ տարի ու կես առաջ, նախատեսված էր Challenger-2 տանկերի շահագործման ժամկետը երկարաձգել առնվազն մինչև 2035 թվականը:
Հավելենք, որ բրիտանական Challenger-2 տանկերն արտադրվել են 1994-ից մինչև 2009 թվականները: Արտադրող ընկերությունը դրանց արտադրությունը դադարեցրել է պատվերներ չունենալու պատճառաբանությամբ:
Տանկն ունի 4-հոգանոց անձնակազմ ու 62,5 տոննա զանգված: Challenger-2-ը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով, ինչպես նաև 2 միավոր 7,62 մմ գնդացիրներով: Տանկի զրահը կոմբինացված է, տանկի վրա տեղադրված է նաև հակակումուլյատիվ դինամիկ պաշտպանության համակարգ:
Տանկն առկա է Մեծ Բրիտանիայի ու Օմանի զինված ուժերի սպառազինության մեջ՝ համապատասխանաբար 386 միավոր ու 38 միավոր քանակություններով: Տանկի մոտավոր գինը 7,2 մլն ամերիկյան դոլար է: