Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը. «Անադոլու»

Հունվարի 12-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը F-16 և F-4 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքական ռազմաօդային ուժերը գործողությանը ներգրավել են 4 միավոր F-16 և 2 միավոր F-4 ամերիկյան արտադրության կործանիչներ, ինչպես նաև մեկ վաղ նախազգուշացման և վերահսկման ինքնաթիռ և անօդաչու թռչող սարքեր, որոնք կործանիչներին հետախուզական տվյալներ են տրամադրել քրդական ուժերի տեղակայման վայրերի մասին:

Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել PKK-ի՝ Իրաքի հյուսիսում տեղակայված Ավաշին-Բասյան, Քանդիլ և Զապ բազաներին: Գործողության ավարտից հետո թուրքական կործանիչները վերադարձել են իրենց մշտական տեղակայման ավիաբազաներ:

Հիշեցնենք, որ թուրքական օդուժի 10 միավոր F-16 կործանիչներ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան կրկին ավիահարվածներ էին հասցրել Իրաքում PKK-ի դիրքերին։

Հավելենք, որ թուրք-քրդական բախումները սաստկացան այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին:

Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում վերսկսվեցին թուրքական ուժայիների և PKK-ի զինյալների միջև ուժգին բախումները, որոնք համեմատական դադար էին ստացել հուլիսին սկսված և մինչև նոյեմբեր շարունակվող ընդհարումներից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *