Հունվարի 13-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթուցիկով լի մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ: Նշվում է, որ սպանված մարդկանցից 2-ը, ինչպես նաև վիրավորվածներից 6-ը ոստիկաններ են: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, հայտնում է BBC-ի թուրքական բաժինը:
Նշվում է, որ գործողությունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել են ոստիկանական բաժանմունքի շենքը, ինչպես նաև հարակից մի շարք բնակելի շենքեր:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ ոստիկանական շենքի վրա հարձակման հետ միաժամանակ PKK-ի զինյալները կրակել են ժանդարմերիայի և ոստիկանության ուժերի վրա նաև Չընար գավառի այլ վայրերում: Թեև նահանգապետարանը հայտնել է, որ զոհվածներից 2-ն են եղել ոստիկան, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշել է 1-ի ոստիկան լինելու մասին:
Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ` հունվարի 12-ին, Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գերմանացի տուրիստների խմբի մոտ մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով սպանվել էր առնվազն 11, վիրավորվել` 15 մարդ: Զոհված մարդկանցից 9-ը, ինչպես նաև վիրավորվածներից 9-ը նախնական տվյալների համաձայն Գերմանիայի քաղաքացիներ են: Մնացած տուժածների գերակշիռ մասը ևս այլ երկրների քաղաքացիներ են:
Սակայն նշված ահաբեկչության համար մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Նշենք նաև, որ 2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում վերսկսվեցին թուրքական ուժայիների և PKK-ի զինյալների միջև ուժգին բախումները, որոնք համեմատական դադար էին ստացել հուլիսին սկսված և մինչև նոյեմբեր շարունակվող ընդհարումներից հետո:
Դեկտեմբերից սկսված գործողություններում Թուրքիան կենտրոնացրել է առնվազն 10 հազար զինվորական, սակայն քրդերի դեմ զինված պայքարին ներգրավված են նաև մի քանի հազար ոստիկանական հատուկջոկատայիններ: Գործողությունները համակարգում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, ինչը խոսում է հստակ պատերազմական իրավիճակի մասին:
Հետևելով քրդական և թուրքական աղբյուրների արձագանքներին` պարզ է դառնում, որ թուրքական պաշտոնական խողովակներով իբրև քուրդ զինյալներ ներկայացվող զոհերի մի մասին քրդական կողմը համարում է զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներ` թուրքական կառավարությանը մեղադրելով անմեղ մարդկանց սպանելու համար:
2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:
Pingback: Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային | Ռազմ.info