Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 10 միավոր F-16 կործանիչներ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գրոհայիների դիրքերին։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել PKK-ի՝ Իրաքի հյուսիսում տեղակայված Ավաշին, Բասյան, Քանդիլ, Զապ և Հաքուրք բազաների դիրքերին։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում, քուրդ զինյալները կրակել են թուրքական ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել՝ ևս մեկ հատուկջոկատային։
Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ վերջին 8 օրվա ընթացքում Սուր գավառում ընթացող թուրք-քրդական բախումների հետևանքով սպանվել է 31 քուրդ զինյալ, 2 թուրք ոստիկան, ևս 12-ը վիրավորվել են։
Հավելենք, որ թուրք-քրդական բախումները սաստկացան այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին:
Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, միաժամանակ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով անմիջապես անցավ քրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:
Վերջին ամիսների ընթացքում՝ չնայած նրան, որ քրդական PKK-ն տվել է շուրջ 2 հազար սպանված՝ այն էլ մեծագույն մասը Իրաքի հյուսիսում հասցված ավիահարվածներից, թուրքական ուժայինները ևս հսկայական կորուստներ են կրել երկրի ներսում գրանցված բախումների հետևանքով։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info
Pingback: Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը. «Անադոլու» | Ռազմ.info