Թուրքիան ստացել է 3-րդ A400M բեռնատար ինքնաթիռը

Եվրոպական Airbus Space & Defense ընկերությունը Թուրքիային տրամադրել է պայմանագրով նախատեսված 10 A400M բեռնատար ինքնաթիռներից երրորդը, որը պետք է Թուրքիային հանձնվեր դեռևս 2015-ի մայիսին: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը:

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

2015-ի մայիսին եվրոպական ընկերությունը A400M բեռնատար ինքնաթիռներ շահագործող երկրներին նախազգուշացրել էր, որ անհրաժեշտ է ստուգել ինքնաթիռների շարժիչների էլեկտրոնային ղեկավարման բլոկները, ինչպես նաև շարժիչի ամեն փոփոխությունից հետո տեղեկացնել ընկերությանը։

Հայտարարությունը տարածվել էր այն բանից հետո, երբ Իսպանիայում մայիսի 9-ին A400M ինքնաթիռի վթարից հետո անձնակազմի 4 անդամները զոհվել էին, իսկ 2-ը՝վիրավորվել։

Վթարից հետո Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան և Մալայզիան հայտնել էին, որ դադարեցնում են իրենց զինված ուժերի սպառազինությունում գտնվող A400M բեռնատար ինքնաթիռների թռիչքները:

Վթարից հետո Airbus ընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի համար։ Նշվում էր, որ վթարված ինքնաթիռի փոխարեն նորը Թուրքիային պետք է փոխանցվեր այս տարվա հունիսին:

Հավելենք, որ Airbus ընկերության հետ 2003-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ-ն մինչև 2018-ը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռներից երեքը, որոնցից մեկը՝ 2014-ի ապրիլին, իսկ մյուսը՝ դեկտեմբերին, իսկ երրորդն ընդամենը նոր է փոխանցվել թուրքական կողմին:

2015-ի մարտին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր տուգանք պահանջել ։

Նշենք, որ Թուրքիան A-400M բեռնատար ինքնաթիռների նախագծին մասնակցում է դեռևս 1985-ից։ Բացի այդ 5,5% տոկոս մասնաբաժնով նախագծի բաժնետեր է նաև թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերությունը։

Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր քառաշարժիչ ռազմական բեռնատար ինքնաթիռ է, արտադրվում է Airbus Space & Defense ընկերության կողմից։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։
Կրեյսերային արագությունը ” 780 կմ/ժ
Զանգվածը ” 76.500 կգ
երկարությունը ” 45 մ
Առաջին թռիչքը ” 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
Թռիչքի հեռավորությունը ” 3.298 կմ
Թևերի բացվածքը ” 42 մ
Բեռնատարողությունը ” մինչև 37 տոննա
Արժողությունը ” 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

One response to “Թուրքիան ստացել է 3-րդ A400M բեռնատար ինքնաթիռը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *