Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում

Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը:

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Սակայն բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսի փոխանցմամբ` Իսպանիայի պաշտպանության նախարարությունն այս հարցը դեռևս պետք է քննարկի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, մինչև դեկտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի օգոստոսին, երբ հայտնի դարձավ, որ Գերմանիան ու ԱՄՆ-ն պատրաստվում են դուրս բերել իրենց համակարգերը Թուրքիայից, Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են պահել Patriot-ները, սակայն միայն Իսպանիան չի կարող լիարժեք իրականացնել ծրագիրը:

Հավելենք` 2015-ի դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ կառույցը շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանությունն ապահովող նոր ուժեր։

2015-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս էր բերել 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Առավել վաղ Գերմանիան էր հայտարարել, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու Patriot ՀՕՊ համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:

Սակայն ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար ԱՄՆ-ն նոյեմբերին «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր F-15C կործանիչներ:

Նշենք, որ Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար ՆԱՏՕ-ի երկրներն այդ երկրի հարավային սահմանի մոտ բացազատել էին վեց միավոր Patriot համակարգեր դեռևս 2013-ին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով:

ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում

ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում

Իսպանական համակարգերը Թուրքիայում տեղակայվել են 2015-ի սկզբին՝ փոխարինելով նիդեռլանդական ստորաբաժանումներին, որոնք Թուրքիայի տարածքից դուրս են բերվել 2015-ի հունվարին:

Հավելենք նաև, որ Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

2 responses to “Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում

  1. Pingback: Գերմանական Patriot-ները դուրս են բերվել Թուրքիայից | Ռազմ.info

  2. Pingback: Իսպանական Patriot-ները մինչև 2016-ի վերջ կմնան Թուրքիայում. Իսպանիայի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *