ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այցելել է Թուրքիա, շրջել «Ինջիրլիք» ռազմաբազայում, հանդիպել ամերիկացի զինծառայողներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

Նշվում է, որ Քարթերի այցի հիմնական նպատակը ռազմաբազայում տեղակայված և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ամերիկյան զինծառայողների հետ «բարոյախրատական զրույցն» է եղել:

Սակայն, բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիա այցից առաջ տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի լավ վերահսկի Սիրիայի հետ սահմանի` վատ հսկվող շուրջ 98 կմ հատվածը, որտեղից ԻՊ գրոհայինները հեշտությամբ ներթափանցում են Թուրքիա և հակառակը, զբաղվում անօրինական առևտրով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը` ահաբեկիչների մուտքը կանխարգելելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է մեծացնի իր ջանքներն ահաբեկչական կառույցի դեմ պայքարում` առաջին հերթին վերհսկելով սահմանները, ինչպես նաև օգտագործելով իր աշխարհագրական բարենպաստ դիրքը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարող մի շարք այլ երկրների օդանավերն օգտագործում են «Ինջիրլիք» ռազմաբազան, ինչպես այնտեղ տեղակայվելու, այնպես էլ լիցքավորվելու և տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով:

Նշվում է նաև, որ երեկ` դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պաշտպանության նախարարի այցն ուղղված է լինելու ահաբեկչության դեմ պայքարում դաշնակից երկրներից առավել մեծ օգնություն ստանալուն:

Բացի այդ, Քարթերի այցը համընկել է նաև Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունների լարման հետ: Ենթադրվում է, որ այս հարցը ևս քննարկվելու է թուրքական ղեկավարության հետ:

One response to “ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

  1. Pingback: ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *