ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Դաշինքը պատրաստվում է օժանդակել Թուրքիային օդային սահմանների պաշտպանության հարցում և այդ նպատակով գործողությունների նոր փաթեթ է մշակում։ Այս մասին Ստոլտենբերգի հայտարարությունը տեղադրված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։
Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովից հետո Դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է լրագրողների հարցերին և մասնավորապես նշել, որ ՆԱՏՕ-ն արդեն տասնամյակներ շարունակ օժանդակում է Թուրքիային, իսկ վերջին տարիներին շարունակում է մեծացնել իր օգնությունը՝ Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում։
Ստոլտենբերգը նշել է, որ կառույցը շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանությունն ապահովող նոր ուժեր: Ստոլտենբերգը շեշտել է, որ դա ամենևին կապված չէ ռուսական ռմբակոծիչի կործանման հետ, և որոշումն ընդունվել է այդ միջադեպից առաջ։
Նա հիշեցրել է, որ Իսպանիան այժմ Թուրքիայում ունի Patriot ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել է նոր կործանիչներ։ Դրանից զատ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամների հետ ինքը ևս պատրաստվում է որոշակի քանակությամբ ռազմական ինքնաթիռներ տեղակայել Թուրքիայում, ինչպես նաև Գերմանիան և Դանիան պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՆԱՏՕ-ի մշտական ծովային խմբերի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության և դրան հաջորդած հարզուպատասխանի տեսաձայնագրությունը ստորև:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2015-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ի Թուրքիայից դուրս էր բերել 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot ՀՕՊ համակարգերը։ Սրան նախորդել էր Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ 2016-ի հունվարին դուրս են բերելու իրենց Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:
Pingback: Թուրքիան իր ավիաբազան է տրամադրել Ֆրանսիային՝ ԻՊ-ին հարվածելու համար | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ն կօժանդակի Թուրքիայի ՀՕՊ համակարգի զարգացմանը. Ստոլտենբերգ | Ռազմ.info
Pingback: Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում | Ռազմ.info