ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքը կօժանդակի Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգի զարգացմանը, ինչի նպատակով մինչև տարվա վերջ պետք է փաթեթ մշակվի։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականի կայքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ Թուրքիան բարդ տարածաշրջանում է և սահմանակից է Իրաքին և Սիրիային, որտեղ լուրջ զինված բախումներ են ընթանում։ Այդ իսկ պատճառով անհարժեշտ է օժանդակել Թուրքիայի ՀՕՊ համակարգի կատարելագործմանը, նշել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ մինչև ռուսաստանյան զինված ուժերի ինքնաթիռի միջադեպն կառույցը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության համար ՀՕՊ համակարգեր էր տեղակայել, սակայն դրանց հիմնական մասն արդեն դուրս է բերվել, և քայլեր են իրականացվում նոր փաթեթի մշակման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ գրեթե նույնանտիպ հայտարարություն Դաշինքի քարտուղարը կատարել էր նաև 2015-ի դեկտեմբերի 1-ին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովից հետո։ Վերջինս մասնավորապես նշել էր, որ կառույցը շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանությունն ապահովող նոր ուժեր։
Ավելացնենք նաև, որ 2015-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս էր բերել 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Առավել վաղ Գերմանիան էր հայտարարել, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու Patriot ՀՕՊ համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info