Նոյեմբերի 19-20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջի» («Կամավորական») ստորաբաժանումները երկօրյա զորավարժություն են անցկացրել երկրի կենտրոնական շրջաններում՝ Ղոմ քաղաքում (Թեհրանի մոտ): Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Զորավարժության ժամանակ մասնակից ստորաբաժանումները պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացրել են ուղղաթիռների և կործանիչների օգնությամբ: Ավիացիայի օգնել են նաև ցամաքային ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը:
Զորավարժությանը հետևել են ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարին, «Բասիջի» ստորաբաժանումների հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ռեզա Նաղդին և ԻՀՊԿ այլ բարձրաստիճան հրամանատարներ:
Ավելացնենք, որ այս շաբաթ զորավարժություն են անցկացրել նաև Իրանի բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումները: Նոյեմբերի 17-18-ին երկրի հյուսիսարևելյան շրջաններում անցկացված «Մուհամմեդ Մարգարե 3» զորավարժությանը ներգրավված են եղել հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության և արագ արձագանքման ուժեր, մարտական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր: