Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015

Նախագահ Սարգսյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի, Պաշտպանության բանակի զորամասեր • ՊԲ-ն անցկացրել է գնդային զորավարժություն • 5-րդ բանակային կորպուսը պահեստազորի հետ անցկացրել է զորավարժություն • Արցախի պատգամավորներն այցելել են ՊԲ դիրքեր • Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ • Հայաստանը ուղղաթիռներ չի գնել Իտալիայից • Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող • Ադրբեջանը վերադարձրել է սահմանն անցած ՊԲ զինծառայողին • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Հորադիզի ուղղությունը • ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան համալրել է 700 զինծառայող, ռազմաբազայի սպաները ծանոթանում են «Օրլան-10» ԱԹՍ-ներին • Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զինծառայողին գտել են կախված

Զորավարժության մասնակիցների հանդիսավոր երթը ՊԲ զորավարժությունից հետո

Զորավարժության մասնակիցների հանդիսավոր երթը ՊԲ զորավարժությունից հետո

• Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը։ Այնուհետ նախագահ Սարգսյանը մեկնել է Արցախ, որտեղ հետևել է Պաշտպանության բանակի գնդային մարտավարական զորավարժությանը։ Զորավարժությունից հետո նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ հարավարևելյան զորամասեր, մասնակցել ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին: Նոյեմբերի 21-ին էլ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում ՊԲ սպաների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը, ներկա է եղել ՊԲ խորհրդակցությանը և հետևել ՊԲ գիշերային ցուցադրական վարժանքներին:

• Նոյեմբերի առաջին կեսին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են ճամբարային հավաք, որը նոյեմբերի 10-ին եզրափակվել է գնդային մարտավարական զորավարժությամբ, որին ներգրավվել է նաև մեծաքանակ պահեստազոր։

Հայկական զորամասի հարձակումը, որին մասնակցում են նաև պահեստազորայինները

Հայկական զորամասի հարձակումը, որին մասնակցում են նաև պահեստազորայինները

• Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են Պաշտպանության բանակի հարավարևելյան զորամասեր և դիրքեր, ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին։

• Նոյեմբերի 18-19-ին Հայաստան է այցելել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի պատվիրակությունը։ Այցի հիմնական նպատակն է եղել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար: Պատվիրակությունն այցելել է «Չարենցավանի հաստոցաշինական գործարան», «Պատնեշ», «Գառնի լեռ», «ԵրՄՄԳՀԻ» և «ԼՏ Պիրկալ» ընկերություններ:

• Իտալական լրատվամիջոցներից մեկը հրապարակման մեջ նշել է, որ «Elicotteri Srl İtaliya ընկերության տնօրեն Անդրեա Պարդին փորձել է ուղղաթիռներ վաճառել Հայաստանին, սակայն սա անհնար է եղել տեխնիկական տեսանկյունից, քանի որ Հայաստանի ողջ սպառազինությունը ռուսաստանյան ստանդարտների է»։ Այս հատվածից ադրբեջանական լրատվամիջոցները ստեղծել են կեղծ լուր, թե Հայաստանը 4 ուղղաթիռ է գնել Իտալիայից։

• Նոյեմբերի 15-ին Մեղրի-Ագարակ ճանապարհին ավտոմեքենայի՝ երթևեկելի հատվածից դուրս գալու և շրջվելու հետևանքով մահացել են ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողներ Վոլոդյա Մարտիրոսյանը և Արամ Ասլանյանը։

• Նոյեմբերի 18-ին ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանից Արցախ է վերադարձվել այս տարվա մարտի 22-ին ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը։

• Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Հորադիզ բնակավայրի մոտակայքում։ Դիտարկման ժամանակ կրակոցներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

• Համալրման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազա է ժամանել 700 զինծառայող, ինչի արդյունքում փոխարինվել է բազայի ժամկետային զինծառայողների 40 տոկոսը։

102-րդ ռազմաբազան համալրած ՌԴ ԶՈւ նորակոչիկները։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազան համալրած ՌԴ ԶՈւ նորակոչիկները։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության

• Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դասակի և վաշտի օղակների սպաները վերապատրաստման դասընթաց են անցնում, որի ընթացքում հմտանալու են բարձրեռնային պայմաններում համազորային մարտի անցկացման մեջ՝ այդ ընթացքում օգտագործելով կապի, նավիգացիայի և հետախուզության ժամանակակից միջոցներ:

• Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի գյուղերից մեկում գտել են կախված:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *