Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրք-քրդական բախումները

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետներով հարձակվել են ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Զինյալների հարձակման հետևանքով մեծ վնաս է կրել Ջիզրեի պետական հիվանդանոցի շենքը։ Որոշ ժամանակ անց զինյալները նահանջել են։ Կանգնեցվել է դեպի հիվանդանոց տանող ճանապարհների երթևեկությունը։

PKK-ի զինյալների հարձակման հետևանքով վնասվել է Ջիզրեի պետական հիվանդանոցի շենքը։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

PKK-ի զինյալների հարձակման հետևանքով վնասվել է Ջիզրեի պետական հիվանդանոցի շենքը։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Նոյեմբերի 7-ին, նահանգի մեկ այլ գավառ Ուլուդերեում՝ թուրք-իրաքյան սահմանի մոտակայքում, PKK-ի զինյալների տեղադրած ականի պայթյունի հետևանքով սպանվել է 25-ամյա հետևակային զորքերի ավագ սերժանտ։ Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը։

Հարավարևելյան Հաքքարի և Դիարբեքիր նահանգներում անվտանգության ուժերի հատուգ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 13 զինյալ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։ Իսկ Դիարբեքիրի Սիլվան գավառում ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում մեկ քաղաքացիական է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է IMCTV լրատվական կայքը։

Դիարբեքիր նահանգի Սուր գավառում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամների և ուժայինների բախման հետևանքով սպանվել է YDG-H-ի մեկ անդամ, վեցը ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Դողան լրավական գործակալությունը։

Նուսայբինում YDG-H-ի անդամների՝ ոստիականական զրհապատ մեքենայի վրա հարձակվելուց հետո, փակվել են փողոցները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Նուսայբինում YDG-H-ի անդամների՝ ոստիականական զրահապատ մեքենայի վրա հարձակվելուց հետո, փակվել են փողոցները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի անդամները պայթուցիկ նյութերով հարձակվել են ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։ Վիրավորվել է 4 ուժային, մեկ քաղաքացիական։ Հարձակումից հետո զինյալները նահանջել են։ Այս մասին հայտնում է Դողանը։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին չորս ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Հարկ է նշել, որ թուրք-քրդական բախումները «զուգադիպեցին» Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ, որոնք հայտարարվել էին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Իսկ կոալիցիա կազմելու ԱԶԿ-ի «փորձերը» դատապարտվեցին անհաջողության։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, թուրքական և արևմտյան մամուլը, թուրք-քրդական հարաբերությունների սրման համար մեղադրեցին նախագահ Էրդողանին, ով, միտումնավոր ապակայունացնելով երկրում ներքաղաքական իրավիճակը, միահեծան իշխանության հասնելու նպատակ ուներ, ինչը և հաջողվեց վերջինիս նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

One response to “Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրք-քրդական բախումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *