3 օրում վթարվել է ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում կիրառվող 2 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։
Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Պենտագոնում կազմակերպված Բաղդադից հեռարձակվող հեռուստակամուրջ-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի՝ ԻՊ դեմ գործողությունների մամուլի խոսնակ, գնդապետ Սթիվեն Ուարրենը՝ հավելելով, որ դրանցից առաջինը հոկտեմբերի 17-ին ուղարկվել է Բաղդադի հարավարևելյան շրջաններ, որտեղ էլ այն կառավարող անձնակազմը կորցրել է կապը սարքի հետ։
Իրաքի տեղական ոստիկանական ուժերն արևելյան Ալ Ղութ քաղաքի մոտակայքում գտել են ԱԹՍ-ն ու վերադարձրել ամերիկյան կողմին։ Ուարրենի պնդմամբ՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննությունը շարունակվում է։
Երկրորդ MQ-9 Reaper-ը վթարվել է Թուրքիայի հարավում հոկտեմբերի 19-ին՝ մեխանիկական խնդիրների հետևանքով։ Օդային ուժերի զինծառայողներին հաջողվել է ժամանակին կապ հաստատել ԱԹՍ-ի հետ ու իջեցնել անմարդաբնակ վայրում՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։ Այս դեպքի պատճառները պարզելու համար ևս իրականացվում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ այս տարի մարտին Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել է «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր MQ-9 Reaper տեսակի հարվածային ԱԹՍ՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար։ Համաձայնությունը ձեռք էր բերվել նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարի, իսկ հետո նաև նախագահ Բարաք Օբամայի՝ ԻՊ-ի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Թուրքիա կատարած այցերի ընթացքում։
Հավելենք, որ թուրքական աղբյուրների հաղորդած տեղեկության համաձայն՝ մինչ այդ համաձայնությունը «Ինջիրլիք»-ում վերջին 3,5 տարիներին գտնվում էին ԱՄՆ-ի 4 Predator ԱԹՍ-ներ, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր «Իսլամական պետության»՝ Իրաքում և Սիրիայում ծավալած գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու համար։
Նշենք, որ MQ-9 Reaper (անգլ. Հնձվոր), հետախուզական-հարվածային ԱԹՍ-ն արտադրում է ամերիկյան General Atomics Aeronautical Systems ընկերությունը։ Այն նախագծվել է MQ-1 Predator (անգլ. Գիշատիչ) հետախուզական ԱԹՍ-ի հիման վրա, սկզբնական շրջանում կոչվել է Predator B, իսկ հետագայում վերանվանվել Reaper:
Շուրջ 30 մլն ամերիկյան դոլար արժողությամբ MQ-9 Reaper ԱԹՍ-ի երկարությունը 11մ է, առավեկագույն թռիչքային զանգվածը՝ 4760կգ, թևերի բացվածքը՝ 20մ, բարձրությունը՝ 3,8 մետր։ Սարքը կարող է զարգացնել 482կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը շուրջ 15 կմ է։ Սպառազինությունում ԱԹՍ-ն կարող է կրել մինչև 14 կառավարվող հրթիռ։