Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ադրբեջանական Oxu լրատվական կայքը լուր տարածեց, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ահբուլահ գյուղի բնակիչ, 1987-ին ծնված Էլվին Գաֆարովը կորած նախիրը փնտրելիս պայթել է ականի վրա ու արդյունքում կորցել ձախ ոտքը։ Նույն նյութում հիշատակված է ականի պայթյունից վիրավորված ևս մեկ քաղաքացու մասին՝ առանց մանրամասների։
Միջադեպի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, մի շարք ադրբեջանական լրատվակայքեր, այդ թվում՝ նույն Oxu-ն, Vesti.az-ը, Aze.az-ը, հղում անելով տեղական TTV հեռուստաալիքին, միևնույն դեպքի մասին հրապարկել են նոր նյութեր՝ «նոր մանրամասներով»։
Նախ՝ նյութերի վերնագրերում ու սկզբում նշված է, որ երկու քաղաքացիները վիրավիրվել են հայկական ԶՈւ գնդակից։
Այնուհետև ներկայացված է հոկտեմբերի 18-ի պատմությունը՝ վերաձևակերպումներով ու հավելումներով։ Վերնագրին անմիջապես հաջորդում է հետևյալ ձևակերպումը՝ «Հայկական կողմի կրակահերթի հետևանքով Թովուզի շրջանում վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ»։ Այս հայտարարությանը հաջորդում է արդեն երեկ հայտնի դարձած պատմությունը՝ կորած հոտի մասին, ու նշվում է՝ «Հայկական կողմի գնդակներից մեկը դիպել է ականին, ինչի հետևանքով հովիվը վիրավորվել ու զրկվել է ոտքից»։ Երկրորդ վիրավորի վերաբերյալ նշված է, որ վերջինս կորած հոտը փնտրելիս վիրավորված հովիվի համագյուղացի Քահրաման Ջաբարովն է (երեկ ինքնությունը հայտնի չէր), ով վրա է հասել՝ օգնելու համագյուղացուն և պայթել ականի վրա՝ վիրավորվելով դեմքի հատվածում»։
Նախ՝ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր ականը պայթել գնդակից։ Բացի այդ, ստացվում է՝ երկու քաղաքացիներն էլ վիրավորվել են սեփական տարածքում տեղակայված ականների պայթյունից։ Այնինչ, նյութերի վերնագրերն ամենևին այլ բանի մասին են խոսում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ադրբեջանական կողմն ամեն բացասական երևույթի ու նույնիսկ դժբախտ պատահարի մեջ փորձում է հայկական հետքեր փնտրել։
Հեռուստառեպորտաժում հրապարակված լուսանկարները՝ ստորև։