Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների մի խմբի ամառային հիմնական պատրաստության փուլը։ Դասընթացն ադրբեջանցի զինծառայողներն անցել են միայնակ՝ առանց այլ երկրների ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
3 շաբաթվա պատրաստության ընթացքում զինծառայողները լեռնային ձյունածածկ հատվածի հաղթահարում են սովորել, վիրավորներին տարհանել և օգնություն ցույց տալ։ Վրաստանում այս դասընթացն ադրբեջանցիներն անցել են վրաց-ադրբեջանալան երկկողմ համագործակցության շրջանակներում։ Դատելով Վրաստանի պաշտպանության նախարարության հրապարակած նկարներից՝ դասընթացի ժամանակ վերապատրաստվել է 9 զինծառայող։
Զինծառայողներին ավարտելու կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն և Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդի տեղակալը։
Նշենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները ևս պատրաստվում են Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։