Ռուսաստանն օդային գործողություն է սկսում Սիրիայում՝ Ասադի խնդրանքով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որից հետո վերջինս երկրի Դաշնային խորհրդում քննարկման է դրել երկրի սահմաններից դուրս ռուսաստանյան զինված ուժեր օգտագործելու հարցը, որին սենատորները միաձայն կողմ են քվեարկել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին։

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում

«Ֆեդերացիայի խորհուրդը հաստատել է երկրի սահմաններից դուրս զինված ուժեր կիրառելու որոշումը 162 «կողմ» ձայնով։ Ձեռնպահներ ու «դեմ» քվեարկողներ չեն եղել», — նշել է Իվանովը։

Կրեմլի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ խոսքը բացառապես օդային գործողության մասին է, և Սիրիայում ռուսաստանյան ցամաքային ուժեր մտցնելը բացառված է՝ հավելելով, որ միանշանակ անհրաժեշտ է միավորել ուժերն ու պայքարել ահաբեկչության դեմ, բայց առանց միջազգային նորմերը խախտելու։

Իվանովի պնդմամբ՝ այս գործողությունը բխում է Ռուսաստանի ազգային շահերից, ու այս գործողության մասնակից զինծառայողների սոցիալական և ֆինանսական բոլոր հարցերն արդեն լուծված են։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՌԴ նախագահը երկրի սահմաններից դուրս զինված ուժեր օգտագործելու հարցով Դաշնային խորհրդին դիմել էր 2014-ի մարտին՝ Ուկրաինայի տարածք զորք մտցնելու կապակցությամբ։ Այս դիմումը, որով առաջարկվում էր մինչև Ուկրաինայում ծայր առած իրավիճակի կայունացումը կիրառել զինված ուժերը՝ այդ երկրում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ևս սենատորները հավանության էին արժանացրել։

One response to “Ռուսաստանն օդային գործողություն է սկսում Սիրիայում՝ Ասադի խնդրանքով

  1. Pingback: Անկարա. ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը Սիրիայի տարածքից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *