Նորոգվելու է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին սոցիալական և առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ եղել է Դիլիջանում գործող ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանում, զրուցել է այնտեղ իրենց հանգիստն անցկացնող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ, ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացնում են «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացնում են «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները

Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման և սպասարկումների սենյակներ։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու և հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։ Աշխատանքները կատարվելու են առաջիկա երկու տարվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ ՊՆ հանգստյան տներում կարող են ապագայում վերականգնողական կուրսեր անցնել նաև Վրաստանի զինված ուժերի զինծառայողները: Հունիսին վրացական կողմին այս առաջարկն արել է ՀՀ ԶՈւ՝ Վրաստան այցելած պատվիրակությունը: Հավանական է, որ վրաստանցի զինծառայողներն իրենց վերականգնողական կուրսերն անցնեն նաև «Լեռնային Հայաստան» առողջարանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *