Վրաստանցի վիրավոր զինծառայողները հնարավոր է ռեաբիլիտացիա անցնեն Հայաստանում

Այսօր՝ հունիսի 10-ին, Վրաստանում հանդիպել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Կողմերը քննարկել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանում վրաստանցի վիրավոր զինծառայողների վերականգնողական կուրսեր անցնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ սա վերաբերում է Աֆղանստանում միջազգային առաքելությունների ժամանակ վիրավորված վրաստանցի զինծառայողներին։

«Շատ կարևոր է, որ հայաստանյան կողմն առաջարկեց մեր վիրավորներին ուղարկել Հայաստանի լավագույն զինվորական հանգստյան տներ՝ վերականգնողական բուժման կուրսերի համար։ Մենք էլ մեր հերթին վերականգնողական կուրսերի ընթացքում պատրաստ ենք մեր գործընկերների հետ կիսվել փորձով»,— շեշտել է Կապանաձեն։

Հայաստանյան պատվիրակությունը Վրաստանի գլխավոր շտաբում

Հայաստանյան պատվիրակությունը Վրաստանի գլխավոր շտաբում

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝  կողմերը նաև պայմանավորվել են  Աֆղանստանում առաքելությունների ժամանակ ստացած իրենց հմտություններով  փորձի փոխանակում անել։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ ավիացիայի և ՌԷՊ գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, Վրաստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ պլանավորման դեպարտամենտի ղեկավար, գեներալ Գեորգի Սուրմավան և այլ բարձրաստիճան անձինք։

Այցի շրջանակներում Յուրի Խաչատուրովն այցելել է Վրաստանի զինվորականների եղբայրական գերեզման և ծաղկեպսակ դրել Վրաստանի «Տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշակոթողին»։

Նախատեսված է նաև հայաստանյան պատվիրակության հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի «Ռազմավարական ռազմական գործընկերություն համաժողովին» (Strategic Military Partner Conference)։

3 responses to “Վրաստանցի վիրավոր զինծառայողները հնարավոր է ռեաբիլիտացիա անցնեն Հայաստանում

  1. Pingback: Հայաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարը | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն 20 մլն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին | Ռազմ.info

  3. Pingback: Նորոգվելու է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *