Ռուսաստանում անցկացվում է տարվա ամենախոշոր զորավարժությունը

Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանում մեկնարկել է լայնամասշտաբ հրամանատարաշտաբային «Կենտրոն-2015» («Центр-2015») զորավարժությունը, որը կավարտվի սեպտեմբերի 20-ին։ Սա 2015 թվականին ՌԴ-ում անցկացվող ամենամեծ զորավարժությունն է,որի նպատակն է տարվա վերջում ստուգել զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության աստիճանը։ Զորավարժությանը մասնակցում է նաև ՀԱՊԿ անդամ Ղազախստանը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ «Կենտրոն-2015» զորավարժության ընթացքից

ՌԴ ԶՈւ «Կենտրոն-2015» զորավարժության ընթացքից
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Զորավարժությանը ներգրավված են ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի, Կասպյան նավատորմիղի, օդադեսանտային զորքերի, օդատիեզերական զորքերի, ինչպես նաև ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի, ԱԴԾ-ի և մի շարք կառույցների ստորաբաժանումներ։ Ղազախստանը էլ ներգրավված է ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ մարտական պատրաստության միջոցառումներին մասնակցելու համար։

Ինչպես նշում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժությանը մասնակցում է մոտ 95 հազար զինծառայող, օգտագործվելու է ավելի քան 7 հազար միավոր ռազմական տեխնիկա, մինչև 170 միավոր ինքնաթիռ և 20 միավոր նավ։ Վարժանքների հրամանատարն է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Նշվում է, որ զորավարժության ժամանակ գնահատվելու է ՀԱՊԿ անդամ երկրի զինված ուժերի (այս դեպքում Ղազախստանի)՝ միջազգային հակամարտության ժամանակ համատեղ զորախմբի կազմում զինված խմբավորումներն արգելափակելու և դրանց ոչնչացնելու պատրաստությունը։

Զորավարժությունն ընթանալու է ՌԴ ԶՈւ կենտրոնական և հարավային ռազմական շրջանների 20 ցամաքային, ծովային, օդային զորավարժարաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *