Վրաստանում օգոստոսի 27-ին «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում բացված ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ենթակառուցվածքները կառուցվելու են փուլ առ փուլ։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, շինարարության համար մաքրվում են տարածքները, այժմ պատրաստ է տանկային զորավարժարանը։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեին։
Ըստ լրատվական գործակալության՝ Կապանաձեն հայտնել է, որ համատեղ ուսումնական կենտրոնը ուսումնական կետերի կապող կենտրոն է լինելու՝ ընդգրկելով Վազիանի ռազմաբազայի զորավարժարանը և Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի մի հատվածը։
«Մենք կենտրոնը բացել ենք այստեղ, որպեսզի չընդհատենք աշխատանքը և սկսենք զորավարժությունները։ «Կրծանիսին» ունի դրա բոլոր հնարավորությունները։ Իսկ հետո քայլ առ քայլ կկառուցենք այն բոլոր ենթակառուցվածքները, որը կօգնի բարձրացնել երկրի մարտունակությունը։ Վազիանիի զորավարժարանն ամբողջությամբ լինելու է համատեղ կենտրոնի մասը, իսկ Սաչխերեի լեռնային ուսումնական դպրոցը սահմանափակումներով կներգրավվի կենտրոնի գործունեությանը»,— հայտնել է Կապանաձեն։
Վերջինիս հավաստմամբ՝ կենտրոնում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները սկսվելու են արդեն հաջորդ տարվանից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Թե´ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, թե´ վրաստանյան կողմը նշում են, որ կենտրոնում սովորելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինված ուժերի զինծառայողներ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info