Թուրք-քրդական նոր բախումներ Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան նահանգներում

Օգոստոսի 28-ին թուրք-քրդական նոր բախումներ են եղել Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահագում։ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները միաժամանակ հարձակվել են Շըրնաք նահանգի Իդիլ գավառի ժանդարմերիայի և ոստիկանության շենքերի վրա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Թուրք-քրդական բախում Շըրնաքում. աղբյուրը՝ «Զաման» պարբերականի

Թուրք-քրդական բախում Շըրնաքում. աղբյուրը՝ «Զաման» պարբերականի

Ժանդարմերիայի և ոստիկանության ուժերը պատասխան կրակ են բացել, ինչի արդյունքում բախումներ են եղել։ Ուժայինների շարքերում զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ PKK-ի մեկ անդամ վիրավորվել և ձերբակալվել է, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։ Փախուստի դիմած մյուս անդամներին հայտնաբերելու համար նահանգում լայնածավալ հատուկ գործողություններ են սկսվել։


Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է Շըրնաք նահանգում տեղի ունեցած ևս մեկ դեպքի մասին։ Գործակալության հաղորդած տվյալների համաձայն՝ Շըրնաք նահանգի Սիլոփի գավառի Չուքուրջա գյուղում էլեկտրասյուն է պայթեցվել։ Էլեկտրասյունը վայր է ընկել։ Դեպքի համար կրկին մեղադրվում են PKK-ի անդամները։ Ժանդարմերիան ձեռնարկել է հատուկ գործողություններ կասկածյալներին հայտնաբերելու նպատակով։


Օգոստոսի 28-ին ևս մեկ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում։ Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդած տվայլների համաձայն՝ PKK-ի անդամները Աղրը նահանգի Դեղիրմենդյուզու գյուղի շրջանում փակել են Փաթնոս-Վան ավտոմայրուղին և այրել են միջազգային բեռնափոխադրումներ անող 3 մեքենա և առաքիչ ընկերությանը պատկանող ևս 1 բեռնատար մեքենա։

Հարձակումը կազմակերպած անձինք փախուստի են դիմել։ Նահանգում հատուկ գործողություններ են սկսվել մեղավորներին հայտնաբերելու նպատակով։


Քարտեզում ներկայացված են օգոստոսի 27-28-ի թուրք-քրդական բախումները:


Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *