Օգոստոսի 27-ին անցկացվել է «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով անձամբ պարգևատրել է հաղթող թիմերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Մրցույթի ընթացքում ԱՊՀ անդամ 12 պետությունների ռազմամարզական-կադետական վարժարաններ ներկայացնող պատանիները խառը սկզբունքով կազմված դասակների կազմում օրեր շարունակ տարբեր մրցաձևերում պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող են ճանաչվել «ԱԱՀՋ» դասակը (Արագ արձագանքման հատուկ ջոկատ)՝ 1-ին հորիզոնական, «Դեսանտուրա» դասակը՝ 2-րդ հորիզոնական, և «Ալֆա» դասակը՝ 3-րդ հորիզոնական:
Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել միջոցառման ընթացքից և արձանագրված արդյունքներից: «Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են ընկերականության մթնոլորտում, հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ մեր սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն»,- նշել է պաշտպանության նախարարը:
Շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք-մրցույթի կազմակերպիչներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է մրցույթի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info