Ռուսաստանը և Բելառուսը համատեղ նախագծում են նոր զենիթահրթիռային համալիր

Երկու երկրների սպառազինության մեջ առկա «Ստրելա-10Մ» զենիթահրթիռային համալիրների փոխարինման համար Ռուսաստանը և Բելառուսը համատեղ ստեղծելու են նոր զենիթահրթիռային համալիր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի ԶՈւ սպառազինության պետ, գեներալ-մայոր Իգոր Լոտենկովը:

Հայկական զինված ուժերի «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրը «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ, 2014թ. նոյեմբեր

Հայկական զինված ուժերի «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրը «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ, 2014թ. նոյեմբեր

Պաշտոնյայի խոսքով՝ նոր համալիրի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են: Զենիթահրթիռային համալիրը նախատեսված է լինելու փոքր (ուղիղ տեսանելիության) հեռավորությունների վրա թիրախներին հետևելու և դրանք խոցելու համար:

Լոտենկովը նշել է, որ «Ստրելան» նախագծվել է 1970-ականներին և ներկայում արդեն հնանում է (չի բավարարում ներկա պահանջներին): Այդ պատճառով էլ կողմերը որոշել են համատեղ նախագծել նոր համալիր, որը մարտերին կմասնակցի տանկերի և ՀՄՄ-ների շարասյունների հետ:

Նշենք, որ «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներով սպառազինված են նաև հայկական զինված ուժերը, մասնավորապես դրանք կիրառվել են 2014թ. նոյեմբերին Արցախում անցկացված «Միասնություն 2014» զորավարժության ժամանակ: «Ստրելա-10» համալիրներով զինված է նաև Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան:

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ

Ավելացնենք, որ 1976 թվականին ԽՍՀՄ սպառազինության մեջ վերցված «Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրները նախատեսված են ուղիղ տեսանելիության պայմաններում հակառակորդի օդային թիրախներին հետևելու և դրանք ոչնչացնելու համար: Համալիրի 9Մ37 հրթիռները ինքնակառավարվող են, թիրախին են հետևում են նաև ինֆրակարմիր դիապազոնում:

Զենիթահրթիռային համալիրի «Ստրելա-10Մ» տարբերակը բազային համալիրից տարբերվում է 9Կ37Մ հրթիռներով, որոնք կարողանում են թիրախին հետևել նաև դրա հավանական հետագծի միջոցով, ինչը նվազեցնում է ջերմային թակարդների միջոցով հրթիռի ուղղությունը շեղելու հնարավորությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *