Թուրք-քրդական բախումների ժամանակ սպանվել է PKK 10 զինյալ

Օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավային Ադըյաման և հարավարևելյան Հաքքարի նահանգներում երկրի ուժային կառույցների գործողությունների հետևանքով սպանվել է քրդական PKK խմբավորման 10 զինյալ, վիրավորվել է 2 իրավապահ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պետական գործակալությունը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Ադըյամանում թուրքական ուժայինների գործողությունների ժամանակ կիրառվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ և անօդաչու թռչող սարքեր:

«Անադոլուի» տվյալներով՝ թուրք-քրդական բախումների ընթացքում հուլիսի 7-ից մինչև հիմա ընդհանուր առմամբ սպանվել է PKK-ի մոտ 440 զինյալ, ևս մոտ 400 հոգի վիրավորվել է:

Բացի այդ, օգոստոսի 20-ի առավոտյան, ըստ «Անադոլուի» ևս 40 հոգի Ստամբուլում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով (Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում նաև PKK-ն): Հուլիսի 24-ից սկսած ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալված անձնաց քանակն անցել է 1000-ի սահմանը:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից, ներկայացված են ժամանակագրությամբ։ Այս ընթացում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 40-ից ավելի ծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *