Օգոստոսի 11-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում մարտական մեքենաների վարման համար բացվել է տանկային զորավարժարան, որն անվանակոչվել է 2008թ. օգոստոսյան պատերազմում զոհված կապրալ Ռոման Ուգրեխելիձեի անունով։ Վերջինս ծառայել է ԶՈւ 4-րդ հետևակային բրիգադի 44-րդ տանկային գումարտակի տանկային 2-րդ վաշտում։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։
Թինա Խիդաշելին Վազիանիում նշել է, որ «այս տանկային զորավարժարանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի մի մասն է լինելու»։
Բացման ժամանակ հատուկ պատրաստված զորավարժարանում զինտեխնիկայի ցուցադական վարժանքներ են իրականացվել։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում ստեղծվելիք համատեղ ուսումնական կենտրոնի բացումը նախատեսվում է օգոստոսի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի ընթացքում։
Նշենք, որ սա ընդամենը խորհրդանշական բացում է լինելու, իսկ կենտրոնի կառուցումն ու ենթակառուցվածքներով ապահովումը կշարունակվի հաջորդ տարում։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում բացել է համատեղ ուսումնական կենտրոնը | Ռազմ.info