Օգոստոսի 12-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայկական բանակի զինծառայող, շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով. «խորը վշտով փաստում ենք, որ, միևնույնն է, ոչինչ անպատասխան չի մնալու»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր՝ օգոստոսի լույս 12-ի գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում եղել է բավական լարված, հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հարձակման 2 փորձ, որոնք ձախողվել են։
ՀՀ ՊՆ-ն զսպվածության կոչ էր արել ադրբեջանական կողմին՝ հայտարարելով, որ ձեռնարկվող սադրանքների շարունակականությունն Ադրբեջանի բանակի համար հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Լրացում. Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Լրացում. Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Լրացում. Բակո Սահակյանի՝ օգոստոսի 13-ի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Կարեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info