Թուրքական «Ասելսանը» մասնակցելու է Ռուսաստանի «ՄԱԿՍ» ավիացուցահանդեսին

Օգոստոսի 25-ից 30-ը Մոսկվայում անցկացվելիք «ՄԱԿՍ-2015» ավիացուցահանդեսին Ռուսաստանից բացի մասնակցելու են նաև մի քանի երկրներ, մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ, ինչպես նաև Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ռուսասատնյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«ՄԱԿՍ-2013» ավիացուցահանդեսը

«ՄԱԿՍ-2013» ավիացուցահանդեսը

Ցուցահանդեսի ժամանակ թուրքական ավիացիոն արդյունաբերությունը ներկայացնելու է «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը: Թուրքական այլ ընկերություններ ցուցահանդեսի պաշտոնական կայքում հրապարակված մասնակիցների ցուցակում ներկայացված չեն:

Նշենք, որ «Ասելսանն» առաջիկայում Ռուսաստանում մասնակցելու է ռազմարդյունաբերական ևս մեկ ցուցահանդեսի: Russia Arms Expo 2015 (RAE-2015) միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում, սակայն, թուրքական ընկերություններից ներկայացված է լինելու ոչ միայն «Ասելսանը», այլև, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծրագրային ապահովման, կառավարման համակարգերի, ինքնաթիռների վարժասարքերի և այլնի արտադրությամբ զբաղվող «Հավելսան» ընկերությունը:

Ավելացնենք, որ թուրքական «Ասելսանը» ընկերությունը մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Ասելսան» հոդվածում:

Ինչ վերաբերում է «ՄԱԿՍ-2015» (Международный авиационно-космический салон, МАКС) ավիացուցահանդեսին, ապա այն ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն սարքավորումների և այլ արտադրանքի ցուցահանդես է, որն անցկացվում է Ռուսաստանում, երկու տարին մեկ անգամ: Ռուսաստանից բացի, ցուցահանդեսին մասնակցում է ևս 24 երկիր արտադրող, որոնցից են խոշորագույն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbus և Boeing ընկերությունները: Ցուցահանդեսի կայքում ներկայացված ցուցակի համաձայն՝ ցուցահանդեսին այս տարի ընդհանուր առմամբ մասնակցելու է 730 ընկերություն, որոնցից 152-ը՝ արտասահմանյան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *