Թուրքիան մասնակցելու է Ռուսաստանում կայանալիք RAE-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Սեպտեմբերի 9-12 Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում անցկացվելիք Russia Arms Expo 2015 (RAE-2015) միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, Ռուսաստանից բացի, մասնակցելու են նաև 5 այլ պետությունների ռազմարդյունաբերական ընկերություններ, այդ թվում՝ նաև Թուրքիայից: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Թուրքիայից ցուցահանդեսին մասնակցելու է «Ասելսան» (Aselsan) ընկերությունը, ինչի մասին նշված է ցուցահանդեսի կայքի մասնակիցների ցանկում: Ընկերությունը զբաղվում է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ և աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերութուններից է: Չի մասնավորեցվում, սակայն, թե ցուցահանդեսի ընթացքում կոնկրետ ինչ արտադրանք է ներկայացնելու թուրքական ընկերությունը:

RAE-2015 ցուցահանդեսի Instagram էջից հայտնի է դառնում, որ մոտ մեկ ամիս առաջ իր մասնակցությունը հաստատել է նաև թուրքական «Հավելսան» (Havelsan) ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման, կառավարման համակարգերի, ինքնաթիռների վարժասարքերի և այլ արտադրանքի արտադրությամբ:

«Ասելսանից» և «Հավելսանից» բացի, ցուցահանդեսին իր արտադրանքը ներկայացնելու է նաև «Կազախստան Ասելսան Ինջինիրինգ» (Kazakhstan Aselsan Enjineering) ընկերությունը, որը թուրքական «Ասելսանի» և ղազախական «Կազախստան Ինջինիրինգ» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է, հիմնվել է 2011 թվականին:

Ցուցահանդեսի մասնակիցների թվում թուրքական այլ ընկերություններ դեռևս նշված չեն: Իսկ Թուրքիայից և Ղազախստանից բացի, ցուցահանդեսին, ըստ «ՏԱՍՍ» գործակալության, մասնակցելու են նաև ընկերություններ Բելառուսից, Կորեայից և Ֆրանսիայից (վերջին երկու երկրների մասնակիցների մասին նույնպես ցուցահանդեսի կայքում տեղադրված մասնակիցների ցանկում նշված չէ):

Ավելացնենք, որ թուրքական «Ասելսանը» ընկերությունը մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Ասելսան» հոդվածում:

Իսկ Ռուսաստանում անցկացվելիք Russian Arms Expo-ն սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային ցուցահանդես է, որ կազմակերպվում է Ռուսաստանում 2 տարին մեկ անգամ՝ սկսած 1999-ից։ Ցուցահանդեսին հիմնականում մասնակցում են ռուսաստանյան ընկերություններ։

2 responses to “Թուրքիան մասնակցելու է Ռուսաստանում կայանալիք RAE-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

  1. Pingback: Թուրքական «Ասելսանը» մասնակցելու է «ՄԱԿՍ» ավիացուցահանդեսին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *