Քրդական PKK-ն հարձակվել է թուրքական ոստիկանության վրա, կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Թուրքիայի ուժայինների և քրդական ուժերի միջև բախում է եղել երկրի հարավային Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում, երբ Թուրքիայի անվտանգության ծառայողները փորձել են լցնել շրջանի կենտրոնում «Քրդստանի աշխատանվորական կուսակցության» (PKK) անդամների փորած խրամատը:

Թուրքիայի ուժայինների և քրդական PKK-ի բախումները երկրի հարավային Շըրնաք նահանգում

Թուրքիայի ուժայինների և քրդական PKK-ի բախումները երկրի հարավային Շըրնաք նահանգում

Դրան ի պատասխան՝ կազմակերպության երիտասարդական թևի՝ «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) անդամները կրակ են բացել ոստիկանական ուժերի ուղղությամբ։ 4 ժամ տևած փոխհրաձգության ժամանակ սպանվել է կուսակցության երեք անդամ, ծանր վիրավորվել՝ 1 ոստիկան։ Վերջինս վիրավորվել է, երբ քրդերը հրթիռով խոցել են ոստիկանական մեքենաներից մեկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah լրատվակայքը:

Բրիտանական Reuters գործակալության տվյալներով՝ վիրավորների քանակը հասնում է 10-ի:

Սա թուրք-քրդական բախումների հերթական դրսևորումն է Թուրքիայի հարավ-արևելքում, որտեղ բախումները սկսել են հուլիսի երկրորդ կեսին:

Հատկանշական է, որ բախումները եղել են Սիրիայի հետ սահմանի այն նահանգում, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, թուրքական զինված ուժերը կենտրոնացնում են զրահատեխնիկա:

Ավելացնենք, որ Թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են, երբ հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվել է թուրք-սիրական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են։

Միջադեպից հետո Թուրքիան բախման շրջան է ուղարկել զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Դրանից բացի, թուրքական զինուժը ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին, առիթից օգտվելով՝ նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին։

Ժամանակագրության մեջ ներկայացված են PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները:

Հավելենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *