ՌԴ-ն անցնում է նոր «պահեստային բանակի» կազմավորման փորձարկումներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 17-ին ստորագրել է երկրի զինված ուժերի «Հավաքագրվող պահեստազորի» ձևավորման մասին հրամանագիր։ Նոր պահեստազորային ուժերի ձևավորումը լինելու է փորձնական և հաջող ելքի դեպքում ներդրվելու է ՌԴ զինված ուժերում։ ՌԴ նախագահի հրամանագիրը հրապարակվել է երկրի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ
Նկարը՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Ծրագրով նախատեսվում է, որ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո զորացրվող զինծառայողները որոշակի գումարի դիմաց կարող են ստորագրել 3-ամյա պայմանագիր, որով կպարտավորվեն անցնել պարտադիր զինվորական հավաքներ։ Վերջիններս ենթադրում են առավել լուրջ վերապատրաստումներ՝ քան սովորական հավաքները։ Առաջին պայմանագրի ժամկետի ավարտից հետո պահեստազորայինները կարող են երկարաձգել պայմանագիրը 5 կամ 3 տարի, կամ ավելի քիչ ժամկետով։

Հրամանագրում նշվում է, որ ՌԴ կառավարությունը և Դաշնության սուբյեկտների գործադիր իշխանության մարմինները պետք է ապահովեն պահեստային զորքերի համար պահեստազոր զորակոչված քաղաքացիների հավաքագրման հետ կապված միջոցառումները։ Ծրագրի ֆինանսավորումը պետք է իրականացվի ՌԴ պաշտպանության նախարարության դաշնային բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին։

РБК լրատվակայքի տեղեկություններով՝ ծրագիրը հաստատվել էր դեռևս 2012-ին, իսկ 2013-ի հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել ՌԴ ԶՈւ պահեստազորայինների պրոֆեսիոնալ վերապատրաստման մասին օրինագիծը։ Այն պետք է ներդրվեր դեռևս 2014-ին, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետաձգվել է։

ՌԴ պետական դումայի՝ պաշտպանական հարցերով հանձնաժողովի տվյալներով ծրագրի փորձնական ներդրման համար 2014-ին պետք է ծախսվեր 279,4 մլն ռուբլի, 2015-ին՝ 288,3 մլն, իսկ 2016-ին՝ 324,9 մլն ռուբլի։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Օստանկովը, փոխանցելով ՌԴ ՊՆ հայտնած տեղեկությունը, նշել է, որ 2014-2016թթ. նախատեսվում է կազմավորել շուրջ 5000 հոգանոց պահեստազորայինների ստորաբաժանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *