Հուլիսի 19-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն այցելել են Վազիանի զորավարժարան, որտեղ հուլիսի 8-ից մեկնարկել է բազմազգ Agile Spirit 2015 զորավարժությունը,հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժության ղեկավար, գնդապետ Արչիլ Օմիաձեն ներկաներին պատմել է զորավարժության ընթացքի մասին, ներկայացրել մանրամասներ։ Մարգվելաշվիլին, Խիդաշելին և Կապանաձեն այցելել են նաև զորավարժության վայր և դաշտային ճամբար։
Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հավաստմամբ, նման զորավարժությունների նպատակն է բարձրացնել երկրի անվտանգությունը։ «Առաջիկայում մենք շատ նախագծեր ունենք, ու այսօրվա զորավարժությունը կարող է սկզբունքորեն կարևոր ցուցանիշ լինել, թե արդյոք մենք կարող ենք լիովին ներգրավվել 2016 թվականին ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվելիք զորավարժություններին», — ասել է Խիդաշելին։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն
Խիդաշելին ևս մեկ անգամ շեշտել է, որ Վազիանին այն վայրն է, որտեղ այս տարի բացվելու է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնը։ Խոսելով այդ մասին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջին հերթին վրաստանցի զինծառայողներն ավելի լավ պատրաստություն կստանան, բացի այդ, երկրի անվտանգությունն ավելի պաշտպանված կլինի։
«Կարևոր է նաև, որ ՆԱՏՕ-ի շատ զինծառայողներ հերթափոխի սկզբունքով անընդհատ կլինեն Վրաստանում տարբեր զորավարժությունների մասնակցելու համար», — հայտնել է Խիդաշելին։
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2-րդ դիվիզիայի 10-րդ գնդի հրամանատար, գնդապետ Քլիֆորդ Վայնշտեյնն (Clifford J. Weinstein) էլ ասել է, որ Agile Spirit 2015 զորավարժությունը թույլ է տալիս բարձրացնել զինծառայողների փոխգործակցությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերի զինծառայողները։
Զորավարժությանը վրաստանյան կողմից մասնակցում են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի զինծառայողները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ ծովային հետևակի մոտ 220 զինծառայող Սևծովյան տարածաշրջանի հերթափոխային ուժերից (տեղակայման վայրը՝ Ռումինիա) և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2-րդ դիվիզիայի 10-րդ գնդի զինծառայողներ (Քեմփ Լեժեն, Հյուսիսային Կարոլինա):
Մասնակից մյուս երկրները ներկայացված են մեկական դասակներով։ Զորավարժության ընթացքին հետևում են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները։ Զորավարժությունն ավարտվելու է հուլիսի 22-ին։
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից։ 2014-ի զորավարժությունն անցկացվել է հունիսի 14-ից 21-ը՝ Վազիանի զորավարժարանում։ Այդ ժամանակ ներգրավված էին ԱՄՆ ավելի քան 250 և վրաստանցի 550 զինծառայող։
Pingback: Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը (ֆոտո/վիդեո) | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info