Գյումրու ՌԴ ռազմաբազայի կրակային վարժանքներ «Ալագյազում»

ՌԴ զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները 1000 հոգի անձնակազմով և 250 միավոր տեխնիկայով կրակային պատրաստության համալիր վարժանք են անցկացնում Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի վարած մարտի արդյունքները

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի վարած մարտի արդյունքները

Ստորաբաժանումների անձնակազմերը կրակային վարժություններ են անում ինչպես հաստիքային ավտոմատներով ու նռնականետերով, այնպես էլ հետևակի մարտական մեքենաներով ու հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներով՝ մոտ 200 շարժական ու անշարժ թիրախների ուղղությամբ:

Վարժանքների ընթացքում անձնակազմի գործողություններին ղեկավարներն իրական ժամանակում հետևում են անօդաչու թռչող սարքերի նկարահանումների միջոցով, ինչը թույլ է տալիս նաև ուղղորդել և ուղղել անձնակազմին:

Նշենք, որ վարժանքներին նախորդել էին հանկարծակի ստուգումներ ինչպես Գյումրիում տեղակայված կայազորում, այնպես էլ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբում: Հանկարծակի ստուգումների և վարժանքի նպատակը ռազմաբազայի հերթապահ ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելն է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

2 responses to “Գյումրու ՌԴ ռազմաբազայի կրակային վարժանքներ «Ալագյազում»

  1. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *