Ղրղզստանի հատուկ ծառայությունների գործողության արդյունքում այսօր՝ հուլիսի 16-ին, երկրի մայրաքաղաք Բիշքեկում չեզոքացրել է 4 անձանց, որոնք միջազգային ահաբեկչական խմբերից մեկի անդամ են: Այս մասին տեղեկացնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:
Հատուկ գործողությունն անցկացվել է մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում, որտեղ թաքնված ահաբեկիչները զինված դիմադրություն են ցույց տվել ուժայիններին: Փոխհրաձգության արդյունքում ահաբեկիչները սպանվել են, ինչպես հայտնում է ռուսաստանյան Sputnik լրատվակայքի ղրղստանյան բաժինը:
Գործողության ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել նաև 4 հատուկջոկատայիններ, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ:
Ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության աղբյուրները հայտնել են, որ ահաբեկիչները կապված են եղել «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Ընդհանրապես «Իսլամական պետություն» խմբավորումը համալրել է Ղրղստանի 352 քաղաքացի, որոնցից 49 սպանվել է Իրաքում և Սիրիայում մարտերի ընթացքում, իսկ զինյալներից 23-ը վերադարձել է Ղրղզստան: Այս թվերը ներկայացնում է ռուսաստանյան «Լենտա» լրատվակայքը՝ հղում անելով Ղրղզստանի ներքին գործերի նախարարությանը:
Pingback: Ղրղզստանում պայմանականորեն կչեզոքացնեն «երկիր ներխուժած ահաբեկիչներին» | Ռազմ.info