Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանապահ ծառայություննները «Ղրղզստան ներխուժած ահաբեկիչների վնասազերծման» սցենարով զորավարժություն են անցկացնում, ինչի մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Այսօր՝ հուլիսի 22-ին, անցկացվել է զորավարժության հրամանատարա-շտաբային փուլը, որի ընթացքում Ղրղզստանի սահմանապահները տեսական գիտելիքներ են ստացել ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ:
ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող զորավարությանը ներգրավված են երկրի օրինապահ մարմինների զգալի ուժեր, ինչպես նաև ավիացիոն ստորաբաժանումներ: Զորավարժության երկրորդ՝ գործնական, փուլը նախատեսվում է անցկացնել հուլիսի 24-ին:
Հատկանշական է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 16-ին, Ղրղզստանում չեզոքացվել է 4 ահաբեկիչ, որոնք, որոշ տվյալներով, կապված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Առհասարակ Կենտրոնական Ասիայի պետություններում կա մտահոգություն, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկրներ կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ «Իսլամական պետության» զինյալները:
Սա հատկապես մտահոգում է հակաահաբեկչական զորավարժությանը մասնակցող մյուս երկրին՝ Տաջիկստանին, քանի, որ այն հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչի հետ կապված էլ հենց Տաջիկստանում այս տարվա մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը: